ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում Իրան-Հայաստան համագործակցության հարցում. Լին Թրեյսի

ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում Իրան-Հայաստան համագործակցության հարցում. Լին Թրեյսի

ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով․ այս մասին ՍվիլիՆեթի տաղավարում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ հավելելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար:

«Մենք հստակ հասկանում ենք Իրանի նշանակությունը Հայաստանի համար: Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում Հայաստան-Իրան գազ էլէկտրականության դիմաց փոխանակումների ծրագրին», - ասաց դեսպանն ու պարզաբանեց, թե Իրանի հետ կապված որ հարցերն են մտահոգություն առաջացնում ԱՄՆ-ի համար:

«Մեր մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն: Սրանք շատ կոնկրետ և թիրախավորված ուղղություններ են», - ասաց նա՝ նկատելով, որ այդ ուղղություններից դուրս այլ հարաբերությունների, օրինական առևտուրի վերաբերյալ ԱՄՆ-ն առարկություն չունի:

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի համար խնդրահարույց չի՞ լինի, եթե հայաստանյան բիզնես կառույցները սկսեն ընդլայնել իրանցի գործընկերների հետ կապերը, դեսպանը բացասական պատասխանեց. «Բոլորովին ոչ, քանի որ մեր մտահոգություններն Իրանի հետ կապված մի քանի առանցքային կառույցների են առնչվում: Դրանք պետական կառույցներ են: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան առևտրին, ապա դրանք իրենց հունով ընթանում են»։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց իրանական կողմի հետ համագործակցող հայաստանյան երկու ընկերություններին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն այս տարի պատժամիջոցներ է սահմանել: Խոսքը «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) մասին է:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկացրել էին, որ այս ընկերությունները, ըստ արժանահավատ տվյալների, վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար կամ զբաղվում են գործունեությամբ, որը կարող է հակասել ԱՄՆ շահերին կամ արտաքին քաղաքականությանը:

«ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել, որոնք ներառված են ամերիկյան «Առևտրային վերահսկողության ցուցակում», և վերստին դրանք արտահանել՝ առանց անհրաժեշտ արտոնագրերի: Ընդ որում, այս ընկերության գործադիր տնօրենը ղեկավարում է նաև սև ցուցակում ներառված հայաստանյան մյուս ընկերությունը՝ «Մարկելը»», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում էր, որ «վերջինս բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է գտնվում»: Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: