Իրանը հայտնել է ամերիկյան ԱԹՍ խոցելու մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտարարել է Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու օդային տարածքում, ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, տեղեկացնում է Tasnim-ը։
Ինչպես հաղորդվում է՝ ԱՄՆ զինված ուժերի MQ-1 մարտական հետախուզական ԱԹՍ-ն տեղայնացվել և ոչնչացվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգի միջոցով։
ԻՀՊԿ-ում նաև նշել են, որ Միացյալ Նահանգները վերջին օրերին ակտիվացրել է հետախուզական տվյալների հայթայթումը տարածաշրջանում՝ փորձելով պարզել Իրանի պաշտպանական համակարգերի տեղակայման վայրերը և ազդել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վրա։ Կազմակերպությունը պնդում է, որ այդ փորձերը ձախողվել են, քանի որ իրանցի զինվորականները բազմիցս խափանել են ամերիկյան սարքերի գործողությունները։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ Իրանը վերահսկում է իրավիճակը Հորմուզի նեղուցում։
Նշենք, որ նախօրեին The New York Times-ը, վկայակոչելով տարբեր աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը պատրաստել է Իրանին հասցվելիք հարվածների ծրագիր, որը կարող է իրագործվել 24 ժամվա ընթացքում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առայժմ չի նախատեսում նոր հարվածներ հասցնել Իրանին, թեև անհրաժեշտության դեպքում պատրաստ է դա անել։



