ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամեն օր Թուրքիան ցեղասպանություն է կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ. Հասանով

Ամեն օր Թուրքիան ցեղասպանություն է կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ. Հասանով

Հայ և քուրդ ժողովուրդներն ունեն ընդհանուր թշնամի՝ թուրքական իշխանությունը, և պետք է համագործակցեն՝ կանխելու Թուրքիայի հեռահար պլանները: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՛՛Իմ քայլը» խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նա նշեց, որ հուլիսին Ադրբեջանի սադրանքների առաջին օրերից թուրքական իշխանությունը տարածեց Ադրբեջանին սատարող հայտարարություն, և նույն կերպ էլ թուրքական իշխանությունները, նրա խոսքով, ամեն օր բացահայտ հայտարարում են, որ պետք է  ոչնչացնել Քրդական բանվորական կուսակցությանը, քուրդ ժողովրդին:

՛՛Ամեն օր Թուրքիան մեծ թափով ցեղասպանություն է կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ՛՛,-նշեց պատգամավորը:

Հասանովն ասաց նաև, որ Սիրիայի քրդական աղբյուրները դեռ 3-4 ամիս առաջ հայտարարել են, որ Սիրիայում թուրքական իշխանություններն իրենց հովանու ներքո գտնվող իսլամիստ ահաբեկիչներին տեղափոխում են Ադրբեջան: Նա ասաց, որ իրենք դատապարտում են թուրքական իշխանությունների այսօրինակ հայտարարություններն ու գործողությունները և իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին: ՛՛Հայ և քուրդ ժողովուրդները պետք է համագործակցեն միմյանց հետ, խոսեն կուսակցությունների մակարդակով, դեմն առնեն թուրքական իշխանության անհեռատես և հեռահար պլանների՝ մեր ժողովուրդների նկատմամբ՛՛,-իր խոսքն ամփոփեց Կնյազ Հասանովը:

 

  • Կիսվել: