երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Սիրիայի քրդերի առաջնորդը ցրում է զինված կազմավորումները

Սիրիայի քրդերի առաջնորդը ցրում է զինված կազմավորումները

Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է կառույցի՝ որպես առանձին ռազմական ուժի գործունեությունը դադարեցնելու և սիրիական բանակին ինտեգրվելու մասին, տեղեկացնում է սիրիական SANA-ն։

Նման հայտարարությամբ Աբդին հանդես է եկել Դամասկոսում՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք Սիրիայի պատմության մեջ բացում ենք խաղաղության, կայունության և վերականգնման նոր էջ և լիարժեք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ SDF-ը դադարում է գոյություն ունենալ որպես ինքնուրույն ռազմական ուժ»:

Աբդիի խոսքով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական ինքնավար վարչակազմը ևս կդառնա պետական կառավարման համակարգի մաս։

  • Կիսվել: