հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ

Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

 
«Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացված երկու երկրների հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ալիևը նաև ասել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։
Ըստ Ալիևի մամուլի ծառայության՝ Էրդողանը «բարձր է գնահատել եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները»։
 
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: