երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեքսանյանը մեկնաբանել է ընդդիմության մեղադրանքները

Ալեքսանյանը մեկնաբանել է ընդդիմության մեղադրանքները

Ընդդիմության մեղադրանքը ՀՀ իշխանություններին հետեւյալն է՝ դուք չմիջամտեցիք: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես ավելի պարզ փորձեմ ներկայացնել, թե ինչ է նշանակում այդ «չմիջամտեցիք»-ը: Դա նշանակում է, որ ՀՀ-ն չմտավ հենց իր ինքնիշխանության եւ առհասարակ գոյության դեմ լարված ծուղակի մեջ: Չմտավ Հայաստանը ռազմական գործողությունների մեջ, այդպիսով ՀԱՊԿ-ի կատարյալ անգործության պայմաններում չստանալով պոտենցիալ հարվածներ թե Ադրբեջանից, թե նրա դաշնակիցներից:

Մյուս մեղադրանքն այն է, որ ասում են՝ ամեն ինչ որոշվեց Պրահայում: Լավ էդ ռուսերեն տեքստերը, որ ձեզ տալիս են, որ թարգմանում եք, գոնե իմաստի վերծանում փորձո՞ւմ եք անել, թե՞ ինչ տալիս են, պետք է անպայման կարդաք:

Այսինքն՝ Պրահայում գնացինք, 1991-ին Գերագույն խորհրդով հաստատված մի փաստաթղթի հղում արեցինք, ու վերջ, այ էդ ժամանակ այսպես եղավ: Բայց 1991-ին, երբ Ալա Աթայի հռչակագիրը ստորագրվում էր, այդ ժամանակ ոչ մի խնդիր չկար, հարցը չէր լոըւծվել: Այ երբ դրան հղում արեցինք, նոր էդ ժամանակ լուծվեց: Լավ, ինչքա՞ն կարելի է»:

Վահագն Ալեքսանյանը մեջբերում արեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության  արտաքին հակահետախուզույան  նախկին պետ գեներալ Կալուգինի «Spymaster» գրքից, որտեղ խոսվում էր ՊԱԿ-ի կողմից՝ Դաշնակցության մի շարք անդամների հավաքագրելու մասին։

«Բայց հայկական Դաշնակցությունը այն խմբավորումն էր, որում մենք ամենաշատ գործակալների ներդրման գործողությունը կատարեցինք։ Դա ազգայնական խմբավորում էր  և պայքարում էր Հայաստանի անկախության համար, բայց ժամանակի ընթացքում մենք այնքան գործակալներ ներդրեցինք այնտեղ,  որ նրանցից ոմանք կարողացան հասնել ղեկավար պաշտոնների։

Մեզ հաջողվեց նեյտրալացնել խմբավորումը, և 1980-ականներից արդեն խմբավորումը Սովետական Միության դեմ չէր պայքարում։ Կազմակերպությունը ամբողջությամբ և նրա մի շարք անդամներ  հավաքագրված էին ԿԳԲ-ի կողմից»,- մեջբերեց Ալեքսանյանը:

Դիմելով դաշնակցական պատգամավորներին՝ նա ասաց. «Հիմա հարց, սիրելի՛ դաշնակցական ընկերներ, կոնկրետ ովքե՞ր են հավաքագրված։ Խնդրում եմ հավաքագրվածների ցուցակը ներկայացնել, որպեսզի հավաքական չանդրադառնամ, կոնկրետ  հավաքագրվածներին անդրադառամ»:

  • Կիսվել: