հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին հղված ուղերձում արձանագրել է, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները՝ ձախողվել է հայկական բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ կառավարության, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ եւ ջանքերով:

«Տեղի ունեցավ աննախադեպ մի բան, Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների՝ Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի, հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար:   

Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ, այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի եւ հետեւաբար՝ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն:  

Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը, հարցը շարունակելով դիտարկել Ղարաբաղի հակամարտության համատեքստում եւ ըստ էության համարելով, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը:

Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության Եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան: Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ: Եվ հիմա հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձեւավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում: 

Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի ձևով: Մենք գիտեինք և սպասում էինք. հարցն այն էր, թե կոնկրետ ո՞ր ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին:

Արցախի պաշտպանության բանակը իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Թուրք-ադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու բազմապիսի թռչող սարքեր, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից եւ, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաեւ վարձկաններ եւ ահաբեկիչներ՝ Սիրիայից:

Հակառակորդը առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման եւ մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը եւ Հայաստանը գործում էին ըստ էության շրջափակման պայմաններում: Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում:

Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին: Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությանը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների, գերիների եւ պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հարցը շուտափույթ ձեւով կարգավորելու տրամաբանությամբ:

Ադրբեջանը, սակայն, ըստ էության ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը եւ մինչեւ այժմ էլ շարունակում է հարձակումները, միեւնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմի ձեւավորմանը:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: