շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել և՛ ՀՀ-ին, և՛ ՌԴ-ին. Զատուլին

Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել և՛ ՀՀ-ին, և՛ ՌԴ-ին. Զատուլին

Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ռուսաստանին՝ միակողմանի գործողություններ ձեռնարկելով այն պատրվակով, որ սահմանազատում եւ սահմանագծում չի եղել: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը :

Նա նշել է, որ Բաքուն ձգտում է, որ ներկայիս Հայաստանի ղեկավարությունը եւս մեկ քայլ կատարի, այն է` հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայերին ցանկացած աջակցությունից:  ՛՛Հուսամ՝ դա տեղի չի ունենա՛՛,-հավելել է Զատուլինը:

ՌԴ Պետդումայի պատգամավորը, մասնավորապես, նշել է. ՛՛Այն, ինչ մենք ակնկալում ենք Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ նրանք վերականգնվելու ուժ գտնեն: Դուք գիտեք, որ այսօր Ռուսաստանը տարբեր քայլեր է ձեռնարկում, այդ թվում՝ զբաղվում է սպառազինության մատակարարմամբ, ինչն արդեն առաջացրել է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը: Ռուսաստանը նոր է վերացրել Գորիս-Կապան ճանապարհը փակելու խնդիրը: Այսօրվա հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ճանապարհն ազատ է անցնելու համար՛՛:

Զատուլինն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այս առնչությամբ նա ասել է, որ ՛՛եթե կատարվի ակնհայտ ագրեսիայի գործողություն Հայաստանի Հանրապետության դեմ, ապա կգործեն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ այլ երկրների դաշնակցային պարտավորությունները, որոնք, ինչպես գիտեք, պարտավորվել են պաշտպանել անդամ երկրներից մեկի տարածքը՝ նրա դեմ ագրեսիայի դեպքում՛՛:

ՌԴ Պետդումայի պատգամավորի խոսքով՝ եթե Ադրբեջանի կամ Թուրքիայի կամ որեւէ մեկի գործողությունները Հայաստանի դեմ ձեռք բերեն ռազմական հարձակման, ագրեսիայի բնույթ, Ռուսաստանը ստիպված կլինի, չնայած Ադրբեջանի կամ տարածաշրջանում մեկ ուրիշի հետ լավ հարաբերություններին, ցույց տալ իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին: ՛՛ՌԴ-ն միշտ հենց այդպես է արել՛՛,-ասել է նա:

Զատուլինը չի հավատում, որ Ռուսաստանը կհեռանա Լեռնային Ղարաբաղից. ՛՛Ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա... Ես վստահ եմ, որ իրականում, սա իմ անձնական տեսակետն է, որ խաղաղապահության տրամաբանության տեսանկյունից՝ երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ տարածաշրջան մուտք գործած խաղաղապահների դուրսբերումը նույնպես հնարավոր է՝ Ռուսաստանին, որպես այս խաղաղարար գործողություն իրականացնող երկրին, համատեղ դիմումի հիման վրա: Կհավատաք, թե ոչ՝ ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն է եկել տարածաշրջան եւ երկար ժամանակով։ Եւ Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա բացատրել, այդ թվում՝ Ադրբեջանին, հավանաբար եւ Թուրքիային, այստեղ իր ներկայության անհրաժեշտությունը, որպեսզի պատերազմը չվերսկսվի՛՛:

Նա նաեւ հավելել է, որ ռուս խաղաղապահների կյանքին ինչ-որ կերպ սպառնալու դեպքում անմիջապես կհետեւի Ռուսաստանի արձագանքը:

Զատուլինը նշել է. ՛՛Թուրքիան հայտարարեց Կովկասում իր ներկայության պահանջների մասին, եւ սա մեզնից առաջ տեղի ունեցածի հիմնական բացասական արդյունքն է՛՛:

Նա անդրադարձել է նաեւ ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գործունեությանը՝ ասելով, որ այն ռուսական կողմի ստիպված որոշումն է:

՛՛Ի վերջո, Թուրքիան ի սկզբանե պնդում էր լինել հենց խաղաղապահ զորախմբի կազմում: Պուտինին հաջողվեց ապացուցել, որ Թուրքիայի ներկայությունը, որը, ինչպես գիտենք, մեղավոր է եւ չի զղջացել Հայոց ցեղասպանության համար, միայն նյարդայնացնող գործոն է, որը խաթարում է խաղաղ գործընթացը:

Այս կենտրոնը, ինչպես հասկանում եմ, հեռու է հակամարտության կողմերի հետ անմիջական շփումից: Այն իր մոնիթորինգը հեռակա կարգով է իրականացնում: Ես չէ, որ պետք է տամ այս կենտրոնի գործունեության գնահատականը, բայց, ամեն դեպքում, դա նույնը չէ, ինչ խաղաղապահները՝ այս բառի սովորական իմաստով՛՛,-նշել է Զատուլինը:

  • Կիսվել: