երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը, ՀՀ-ում իշխող ուժը կանաչ լույս է վառում դրա համար. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը, ՀՀ-ում իշխող ուժը կանաչ լույս է վառում դրա համար. Տիգրան Աբրահամյան

Այսօր կա զուգահեռ երկու գործընթաց՝ Ադրբեջանը մի կողմից ագրեսիայի միջոցով փորձում է  հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժը իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԳՆ դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Հավաքվել ենք «ոչ» ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար»,- ասաց նա:

Աբրահամյանը հիշեցրեց, որ արդեն երկու շաբաթ է Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցները գտնվում են ադրբեջանական սադրանքների, տեղեկատվական, քարոզչական և  հոգեբանական գրոհների ներքո, շփման գծի հարակից հատվածներում գտնվող մեծ թվով բնակավայրեր կրակահերթերի,  արկակոծության, տարբեր սպառնալիքների ներքո են։

«Ադրբեջանական կողմը Արցախի տարբեր բնակավայրերում բարձրախոսների միջոցով կոչեր և  սպառնալիքներ է հնչեցնում մեր հայրենակիցների նկատմամբ, կոչ են անում թողել Արցախն ու հեռանալ, հակառակ դեպքում  սպառնում են դա անել ուժի կիրառման միջոցով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հիշեցրեց նաև, որ շուրջ 10 օր է պայթեցված է Հայաստանից Արցախ գնացող գազատարը, մեր հայրենակիցները գտնվում են բավականին ծանր վիճակում։

«Ըստ էության, Արցախում կա էներգետիկ ճգնաժամ։ Անկախ այն հանգամանքից, որ նշում են՝ բանակցում են գազատարը վերականգնելու ուղղությամբ, ադրբեջանցիները որևէ երաշխիք չեն տալիս, որ հետագայում  նմանատիպ իրավիճակ չի ստեղծվի»,- ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի նկատմամբ ամբողջությամբ օկուպացիայի իրականացումը։

«Սրան զուգահեռ՝  Հայաստանում իշխող ուժը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են, որ իրենց համար քննարկելի է  Արցախի  հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու հարցը։ Սրանք պատահական սայթաքումներ չեն, սրանք պատահական հայտարարություններ չեն, սրանք բխում են  նրանց պարագլխի՝ Փաշինյանի՝ հատկապես վերջին  շրջանում հնչեցրած հայտարարության տրամաբանությունից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը:

  • Կիսվել: