կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանը փորձում է այլ խողովակով ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղված գործողություններ իրականացնել. Փաշինյան

Ադրբեջանը փորձում է այլ խողովակով ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղված գործողություններ իրականացնել. Փաշինյան

Ես կցանկանայի թերահավատությամբ վերաբերվենք այն արտահոսքերին, որոնք վերաբերում են կոնֆիդենցիալության ոլորտին. Կարող են A4 ֆորմատի վրա ինչ-որ թուղթ հրապարակել ու ասել՝ սա է. բայց շատ դեպքերում կառավարությունը կարող է սահմանափակված լինել այդ թղթերին արձագանքելուց, որովհետեւ ստիպված պետք է լինես այլ  մանրամասներ բացահայտել դա հիմնավորելու համար, իսկ այդ բացահայտումն արդեն արտաքին հարաբերությունների ոլորտում խնդիրներ է առաջացնում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի համար ընդունելի է մի փաստաթուղթ, որտեղ կլինի «ԼՂ հայերի անվտանգություն եւ իրավունքներ, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանը»:

«Եկեք արձանագրենք փաստեր, որոնք կարող են հարցի պատասխանը տալ. Հայաստանը եւ Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ինչո՞ւ ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ եթե չենք ճանաչում, Ադրբեջանն էլ չի ճանաչում մերը: Այլ խնդիր է, որ եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ խողովակով Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված գործողություններ իրականացնել»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վարչապետն ասաց. «Մեր հրապարակային դիրքորոշումները շարունակում են մնալ նույնը, որ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է հասցեագրվի եւ հարցի առաջին շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը, եւ այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու Ստեփանակերտ հարթության մեջ:

Ես կարծում եմ՝ այս ձեւակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք հասցեագրենք ՀՀ ազգային շահերը եւ լիարժեք կերպով հասեցագրենք նաեւ ԼՂ ժողովրդի անվտանգության  եւ իրավունքի հարցերը:

Հիմա ճիշտ չի լինի քննարկել պարբերություններ: Որեւէ փաստաթուղթ մի պարբերությունից բաղկացած չէ: Կարող է լինել պարբերություն, որ մեզ թվա, թե նշանակում է սա, բայց մեկ ուրիշ տեղ լինի այլ պարբերություն 180 աստիճանով պտտի այդ պարբերության իմաստը: Իմ առաջարկն այն է, որ մենք խոսենք ոչ թե պարբերություններից, այս սկզբունքներից»:

  • Կիսվել: