կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան

Ես ուղղակի համոզված եմ, որ մենք կայացրել ենք մի որոշում, որը անկյունաքարային է դեռևս 2019 թվականին մեր հայտարարած ռազմավարական նպատակն իրագործելու ճանապարհին, իսկ այդ ռազմավարական նպատակը ՀՀ ինքնիշխան, անկախ պետության գոյության հարատևության համար պայմաններ ստեղծելն է, և այսօր այդ պայմաններից կարևոր մեկը ապահովված է, իհարկե, այն մասով, ինչ մասով հայտարարված է: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 16-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությանը:

Արձագանքելով վարչապետի ելույթին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ երեկվա հանդիպման ընթացքում նաև շարունակվել են քննարկումները կանոնակարգի հետ կապված, և կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքները արտացոլվելու են կանոնակարգի մեջ, և նախագծի վրա աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվելու են:

«Ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է շարունակելու սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք»,- ասաց փոխվարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ այն հատվածներում, որտեղ սյուներ են արդեն տեղադրվել, սահմանապահ զորքեր են տեղակայվել, այժմ ուսումնասիրվում է տեղանքը, որպեսզի մշտական ծառայություն իրականացվի:

«8-10 օրերի ընթացքում պետք է կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվենք: Չնայած պետք է ասեմ, որ 1 շաբաթից ավելի է կամ նույնիսկ 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ իրականացնում են ծառայություն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելո՞ւ են նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր. «Արմենպրեսի» հարցին ի պատասխան վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են:

  • Կիսվել: