շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանում ջիհադականները կտտանքների են ենթարկել հայ գերիներին. The Stream

Ադրբեջանում ջիհադականները կտտանքների են ենթարկել հայ գերիներին. The Stream

The Stream պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների և նրանց նկատմամբ ջիհադականների իրականացրած կտտանքների մասին:

Հոդվածի հեղինակն Ուզայ Բուլութն է: Նա գրում է Լիբանանից Արցախ տեղափոխված քույրերի՝ Մարալ և Անի Նաջարյանների մասին, որոնք հույս ունեին նոր, առավել խաղաղ կյանք սկսել, սակայն հայտնվեցին դաժան պատերազմի էպիկենտրոնում:

Բուլութը հայտնում է, որ քույրերի՝ Արցախ տեղափոխվելուց օրեր անց Թուրքիայի լիակատար աջակցությամբ և սիրիացի վարձկանների ներգրավվածությամբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի դեմ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մարալը որոշում է իր իրերը տեղափոխել Արցախից, սակայն ճանապարհին գերեվարվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Ադրբեջանում չորս ամիս անօրինական պահվելուց հետո Մարալն ազատ արձակվեց մարտի 10-ին:

Հեղինակը նշում է. ՛՛44 օր շարունակ Ադրբեջանը հրետակոծել է բնակելի տներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ՛՛:

Նա խոսում է նաև այն մասին, որ տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահան են արվել իրենց պատմական հայրենիքից: Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հայերին թիրախավորել նույնիսկ նոյեմբերի հայտարարությունից հետո՝ հրապարակելով հայերի դեմ իրենց իրականացրած ոճրագործությունների՝ գլխատումների և անդամահատումների տեսագրությունները:

Հոդվածագիրը գրում է նաև Ադրբեջանի իրականացրած պատերազմական մյուս հանցագործությունների ու նրանց զոհերի մասին՝ ընդգծելով, որ Արցախում հայ քրիստոնյաների դեմ բռնություն իրականացնելուց հետո էլ Ադրբեջանը դեռևս շարունակում է պահել հայ ռազմագերիներին, որոնց ազատ արձակելու կոչերով հանդես են եկել ամերիկացի կոնգրեսականներ:

Բուլութը նշում է, որ հայերի դեմ շարունակվող ծրագրված ցեղասպանություն է իրականացվում, և ընդգծում է, որ ատելության խոսքը հայերի դեմ Ադրբեջանում կրում է համակարգված բնույթ:

 

  • Կիսվել: