ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանին արված առաջարկներում նշել ենք՝ արցախցիների անվտանգությունը, իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը․Գրիգորյան

Ադրբեջանին արված առաջարկներում նշել ենք՝ արցախցիների անվտանգությունը, իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը․Գրիգորյան

Ադրբեջանի առաջարկած հինգ կետերում անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդրին, այս մասին Factor TV–ի  հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ լրագրողի խնդրանքով պարզաբանելով, թե որոնք են եղել հայկական կողմի ներկայացրած առաջարկները։

«Մեր հիմնական պատասխանը եղել է դրա մասին, մեր առաջարկությունները ևս հնչեցրել ենք, առաջարկել ենք, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի և Հայաստանի առաջարկությունների փաթեթը միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները։ Ինչպես երեկ նշել եմ, և՛ միջազգային հանրության, և՛ Բաքվի կողմից կա ընկալում, որ մեր երկու փաթեթները պետք է միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները»,– ասել է նա։

Հարցին, թե Հայաստանի առաջարկներում արդյոք կա Արցախի ինքնորոշման տարրը, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Ինչպես ասացի, այնտեղ կա նշված անվտանգության և իրավունքների հարցը և ինքնորոշման տեսանկյունից նաև կարգավիճակի հարց կա, որը պետք է հնարավորություն տանք, որ այդ հարցին լուծում տա։ Բայց մենք նաև նշում ենք, որ հենց անվտանգությունը և իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը։ Եվ այս առումով մենք ակնկալում ենք ավելի ինտենսիվ քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե՛ ինստիտուցիոնալ իրավունքների պաշտպանությունը և թե՛ անվտանգության ապահովումը։

Ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՀ իշխանությունների համար ընդունելի է տարբերակը, երբ Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքներ տրվեն, սակայն Արցախը լինի Ադրբեջանի կազմում, Արմեն Գրիգորյանը պատասխանել է, թե նման երաշխիքների առկայության դեպքում պետք է քննարկեն, թե դրանք ինչպես են գործելու և հավաստիացումն ստանան, որ այդ երաշխիքները ապահովելու են Արցախում ապրող հայերի և՛ անվտանգությունը, և՛ իրավունքները։

«Մենք բնականաբար ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռ 1992-ին և բազմիցս հրապարակային դրա մասին խոսել ենք, որ Հայաստանը տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանն ունի մտահոգություն, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանված չեն։ Եվ մեծ հաշվով գործընթացը, որը վերջին երեսուն տարին ընթանում էր, այդպիսի երաշխիքներ ստանալն էր։  Հիմա դժվար է հարցերին ամբողջական պատասխանել, բայց սկզբից մենք պետք է տեսնենք այդ երաշխիքները և համոզված լինենք, որովհետև անվտանգությունն այնպիսի հարց է, որտեղ հստակ երաշխիքներ են պետք։ Միայն խոսքի մակարդակով չէ կամ տեխնիկական, այլ ինստիտուցիոնալ պետք է լինի այդ անվտանգությունը։ Երբ մենք ստանանք այդ երաշխիքները, կքննարկենք բոլոր մնացած հարցերը։ Առաջնայինը հենց այդ մեխանիզմն է, հենց մեխանիզմի վերաբերյալ մենք հստակ պատկերացումներ, քննարկումներ ունենանք, այնուհետև կկարողանանք քննարկել այլ հարցեր ևս»,- ասել է նա։

  • Կիսվել: