երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ռազմական գործողությունը հանգեցնում է արևմտյան ազդեցության հետագա արժեզրկմանը Հարավային Կովկասում. տեսակետ

Ադրբեջանի ռազմական գործողությունը հանգեցնում է արևմտյան ազդեցության հետագա արժեզրկմանը Հարավային Կովկասում. տեսակետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում լրագրողներին ասել է, որ վերջին օրերին տեղի ունեցածը հակասում է խաղաղության հաստատմանը, իսկ վերլուծաբանները քննարկում են ռազմական գործողության ազդեցությունը Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացի վրա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Պետքարտուղարի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մեծ ներդրում ունեն երկարաժամկետ խաղաղությանը հասնելու գործընթացում, որին աջակցում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը:

«Այսպիսով, գործողությունները, որոնց մենք ականատես եղանք այս շաբաթ, ուղղակի հակասում են արդար և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին, որի ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում: Այդ ջանքերը չափազանց օգտակար են տարածաշրջանի երկու երկրների համար և դրական փոփոխության կհանգեցնեն 30 տարվա հակամարտությունից հետո»,- ասել է Բլինքենը:

Իսկ ինչպե՞ս կանդրադառնա Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը Բաքվի ու Երևանի միջև խաղաղ գործընթացի վրա: Վերլուծաբան Ռիչարդ Վեյնցի կարծիքով, դեռևս դժվար է տալ վերջնական գնահատական այս հարցում:«Դեռևս պարզ չէ, բայց ռազմական գործողությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, որը կվերափոխի խաղաղ բանակցությունները: Այսպիսով, այս պահին խաղաղության բանակցություններն ընթանում են օտարերկրյա կողմերի միջև, որոնք փորձում են միջնորդել Ադրբեջանի կառավարության, Հայաստանի կառավարության և անուղղակիորեն Ադրբեջանի կազմում հայկական ինքնավար միավորի միջև: Եթե հաջողվի հասնել նրան, որ Ադրբեջանի կառավարությունը ամբողջապես վերահսկողության տակ առնի Լեռնային Ղարաբաղը, և խրախուսի այնտեղի որոշ հայերին հեռանալ Հայաստան, ապա դա իսկապես նոր իրավիճակ կստեղծի»,- պնդում է Վեյնցը:

Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Մերի Գլանցը գտնում է, որ բանակցությունները Բաքվի ու Երևանի միջև կշարունակվեն, քանի որ վերջին զարգացումների արդյունքում առաջ են գալիս բազմաթիվ նոր հարցեր, որոնք պետք է ստանան իրենց պատասխանները: Միջազգային հանրությունը հետաքրքրված է այստեղ խաղաղության և անվտանգության պահպանմամբ, և խոսքը ոչ միայն Ռուսաստանի կամ Թուրքիայի, այլ նաև ԵՄ-ի և Միացյալ Նահանգների մասին է, պնդում է վերլուծաբանը:

«Ադրբեջանցիները, հասկանալի է, ցանկանում են, որ իրենց փախստականները վերադառնան Լեռնային Ղարաբաղ, ուր երկար ժամանակ ապրում են հայեր, որոնցից շատերը, ևս հավանաբար, կցանկանան շարունակել ապրել այստեղ: Նրանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց ապահովությունը, երկու կողմերի անվտանգությունը, ինչպես նաև խաղաղության պահպանումը հանդիսանում է առանցքային հարցեր»:

Վերլուծաբան Լորենս Բրոյերսն էլ չափազանց զգուշավորությամբ է մոտենում այս հարցին: Ըստ նրա՝ այս վերջին զարգացումներից հետո կարող է թվալ, որ այժմ Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին Ղարաբաղում ու պատրաստ է առաջ շարժվել դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում: Սակայն վերլուծաբանը գտնում է, որ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական բանակցությունների հրավիրումը հսկայական մարտահրավեր է:

«Ինձ անհանգստացնում է, թե ինչպես դա կարող է ազդել Հարավային Հայաստանի տարանցիկ ուղիների վրա: Խոսքն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է, ոորին այդպես են կոչում Թուրքիայում և Ադրբեջանում»,- իր մտահոգությունն է հայտնում Բրոյերսը:

Ըստ նրա՝ այն, ինչին ականատես եղանք այս շաբաթ, ցույց է տալիս, որ հարկադրանքի քաղաքականությունը աշխատում է, իսկ պարտադրումը տալիս է արդյունք: «Դա եվրաատլանտյան՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոտեցման՝ դրամատիկ մերժումն է երկխոսության միջնորդության հարցում: Վաշինգտոնն ու Բրյուսելը կոչ էին անում ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային միջնորդավորված մեխանիզմ, ինչը Ադրբեջանը մերժեց՝ ասելով, որ դա իր ներքին գործն է, և նա չի ընդունի որևէ արտաքին ներգրավվածություն։ Այսպիսով, ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, կհանգեցնի ԵՄ-ի դելեգիտացմանն ու, առհասարակ, արևմտյան ազդեցության հետագա արժեզրկմանը Հարավային Կովկասում»:

Լորենս Բրոյերսը մտավախություն ունի, որ այս հարցի շուրջ իրավիճակը, որը նախկինում եղել է շատ հակասական բանակցությունների առարկա, կարող է շատ ավելի վատթարանալ:

  • Կիսվել: