Ադրբեջանի գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ-ի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը. Միրզոյան
Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների և բարեխիղճ բանակցությունների դաշտ։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել Լեռնային Ղարաբաղում։ Ձմեռային ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս միտումնավոր կերպով խափանել ու շարունակում են խափանել Հայաստանից ԼՂ գազի մատակարարումը, արգելափակված է էլեկտրական հոսանքի մատակարարումը», - ասաց Միրզոյանը։
Նա նշեց՝ Ադրբեջանի այս գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ-ի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը։
Նախարարի խոսքով՝ ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևոր են այս խնդրին միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները։
«Կարևոր քայլերից ենք համարում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Կարևոր է նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ», - նշեց Արարատ Միրզոյանը։



