չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2050 թ-ի ռազմավարության գաղափարը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների վրա. Փաշինյան

2050 թ-ի ռազմավարության գաղափարը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների վրա. Փաշինյան

Մինչև 2050 թվականի ռազմավարության գաղափարը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա: Այս մասին այսօր  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենակարեւոր գաղափարը վերջերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք, թվարկել ենք մեր ազգային արժեքները:

Առաջին այդպիսի արժեքը հայոց պետականությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ:

Երկրորդ առաջնորդող արժեքը համարում ենք կրթությունը, որովհետև  կրթությունն է միակ գործիքը,  որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները և գտնել լուծումները: Այսինքն՝ առանց կրթության մենք չեն կարող ընկալել, որ որոնք են մեր խնդիրները։

Հաջորդ առանցքային արժեքը անհատն է, քանի որ անհատն է միակ սուբյեկտը, որ ձեւավորում է ընտանիք, ձեւավորում է հանրություն, ժողովուրդ ու պետություն:

 Եվ վերջապես չորրորդ արժեքը աշխատանքն է:

Ազգային այդ գաղափարների հիմքում դրված են մեր ազգային նպատակները: Այդ նպատակներից առաջինը հայկական պետականության հավիտենականություն է: Հաջորդը ՀՀ քաղաքացու արժեւորումն է: Ի վերջո, ինչի՞ համար է պետականությունը, այն ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության, ազատության ու երջանկության ապահովումն իրականացնելու համար է:

Հաջորդը հայ ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն է, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը ազգային գիտակցությունից հեռացած կամ հեռացողների շրջանում, հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի եւ ՀՀ քաղաքացիություն ունեցողների թվի էական մեծացնելու  շնորհիվ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հանրային պահանջը հետևյալն է. ՀՀ քաղաքացիներն ուզում են ապրել Հայաստանում և ապրել երջանիկ: Այն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ և առաջադեմ:

Նա դա անվանեց «5 Ա-երի սկզբունք»:

  • Կիսվել: