2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին
Այսօր ԱԺ-ում հարցուպատասխան է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև։
Լևոն Քոչարյանը կասկածի տակ է դրել Ռուբինյանի՝ «զրոյական կետից» և բարեկիրթ սկսելու առաջարկի անկեղծությունը։ Քոչարյանը նաև մեղադրել է իշխանություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատները «գողանալու» մեջ։
Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ինքը շատ լավ գիտի, թե որն է իրական բռնաճնշումը։ Նա պատմել է, որ 2008 թվականի մարտի 3-ին, երբ Լևոն Քոչարյանի հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախագահ էր, ԱԱԾ-ն խուզարկել է իրենց տունը և երեք ամսով ձերբակալել իր հորը։
«Ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր կալանավորված վիճակով»,- շեշտել է Ռուբինյանը՝ հավելելով, որ չնայած իր համոզմունքին, որ դա արվել է Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, ինքը միևնույն է պարտավոր է համարում պահպանել բարեկրթության և պարկեշտության սահմանները։



