100-ից ավելի զոհ չի եղել, ապրիլի 2-5-ը եղել է 75 զոհ. Լևոն Մնացականյան
Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանապետ, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանն այսօր մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նիստին:
Հարցին, թե ինչ բացթողումներ են եղել, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի համար, Մնացականյանն ասաց՝ իհարկե ոչ.
«Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ, ներկայացրել այն իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակ: Միանշանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է: Իհարկե ցանկացած տեղ էլ անելիքներ կան, միշտ են դրանք լինում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:
Հարցին, թե արդյոք ինքը բացթողում ունեցել է, նա պատասխանեց. «Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առել այն»:
Մնացականյանը հայտարարեց, որ ապրիլի 2-5-ը 100-ից ավել զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել:
Ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը գնահատում է արդյունավետ․
«մնացածն արդեն կյանքը ցույց կտա, թե որքանով այն արտացոլված կլինի մեր եզրակացությունների մեջ»:


