ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զելենսկին «ծանր և ցավալի» է որակել ռազմաճակատի որոշ հատվածներում առկա իրավիճակը. ռազմական գործողությունների մեկնարկից անցել է 10 ամիս

Զելենսկին «ծանր և ցավալի» է որակել ռազմաճակատի որոշ հատվածներում առկա իրավիճակը. ռազմական գործողությունների մեկնարկից անցել է 10 ամիս

Վերջին 48 ժամվա ընթացքում Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակում են կենտրոնացած մնալ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի և Լուգանսկի մարզի Սվատովո քաղաքի շուրջ: Ռուսաստանն այդ շրջաններում իրականացնում է հաճախակի, բայց ոչ մեծամասշտաբ հարձակումներ, որոնց արդյունքում գրավել է ոչ մեծ տարածքներ:  Այս մասին հայտնել է Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր դեկտեմբերի 27-ի տեղեկագրում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում ևս հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ռուսական ուժերը գնդակոծել են տասնյակ բնակավայրեր: Բացի այդ, ըստ Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ի, ռուսական ուժերը ականանետներից և հրետանուց կրակ են բացել Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ Բախմուտի, Ավդեևկայի և Կրեմեննայայի շրջանում «ծանր և ցավալի» իրավիճակ է, սակայն ուկրաինացի մարտիկները զսպում են հակառակորդի առաջխաղացումը: Զելենսկին նաև հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածների պատճառով դեկտեմբերի 26-ին 9 միլիոն մարդ զրկվել է էլեկտրական հոսանքից:

Ռուսական կողմից էլ հաղորդում են ուկրաինական հարվածների մասին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից տեղեկացրել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 25 անգամ գնդակոծել են հանրապետության տարածքը, 4 մարդ վիրավոր է:

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայից էլ հայտնել են, որ հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն լրացուցիչ անձնակազմ է տեղակայել Խարկովի շրջանում՝ ուժեղացնելու այն ստորաբաժանումները, որոնք գործում են Սվատովո քաղաքի ուղղությամբ: Նաև հաղորդվում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Կրեմեննայայի մոտ է ուղարկել վարձկանների գրոհային խմբեր:

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 10 ամիս: Այս ընթացքում արևմտյան երկրները պատժամիջոցների 9 փաթեթ են սահմանել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք են տրամադրել Ուկրաինային՝ ռուսական հարվածներին դիմակայելու համար:

Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբեն հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի Patriot զենիթահրթիռային համակարգեր վեց ամսվա ընթացքում:

  • Կիսվել: