Զելենսկին հայտնել է, որ «արդյունավետ հեռախոսազրույց» է ունեցել Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Նրա խոսքով՝ իրենք քննարկել են ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված քայլերը, հակառուսական պատժամիջոցները և Վաշինգտոնի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը։
«Արդյունավետ զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ: Գլխավորը, իհարկե, պատերազմի դադարեցումն է։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ նախագահին ազնիվ և երկարատև խաղաղության համար իր բոլոր ջանքերի համար։ Այսօր մենք համաձայնեցրինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները։ Իհարկե, մենք խոսեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին»,-գրել է Զելենսկին։
Նա նաև հավելել է, որ «անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է ուկրաինական կողմի կողմից, և պատրաստ են այն մանրամասն քննարկել և կնքել»։


