Զելենսկին հայտարարել է, որ G7-ի առցանց գագաթնաժողովից առաջ համակարգել է դիրքորոշումները Բայդենի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համակարգել է դիրքորոշումներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ G7-ի երկրների առցանց գագաթնաժողովից առաջ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Զելենսկին նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հետ, որը «ինչպես միշտ բովանդակալից ու օգտակար է եղել»։
«Մենք ամուր պայմանավորվածություններ ունենք… Այսօր կկայանա «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, որին կմասնակցի Ուկրաինան, և այժմ մենք համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումներն Ամերիկայի հետ»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Բայդենը հայտարարել է, որ Կիևի առաջարկած «խաղաղության բանաձևը» դրական է ընկալվում։
«Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցության, հակաօդային պաշտպանության, հրետանու, ենթակառուցվածքների պաշտպանության ու էներգետիկայի վերաբերյալ հարցեր», - հավելել է Ուկրաինայի նախագահը։