Ըստ ԱՄՆ դեսպանի՝ հիանալի կլիներ, եթե Իսրայելը կկարողանար վերցնել Նեղոսից մինչև Եփրատ ընկած հողերը
Ըստ Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի՝ հիանալի է այն տարբերակը, որի դեպքում Իսրայելը կկարողանար վերցնել Նեղոսից մինչև Եփրատ ընկած հողերը: Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում:
Կարլսոնը հիշեցրել է Աստվածաշնչից մի դրվագ, որտեղ Աստված խոստանում է Աբրահամին, որ նրա սերունդները կժառանգեն «երկիրը Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատը»։ Այսօր դա Մերձավոր Արևելքի գրեթե ողջ տարածքն է՝ Իսրայելի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի մեծ մասը։
Լրագրողը հարցրել է, թե արդյոք Իսրայելն իրավունք ունի՞ տիրապետելու այդ ողջ ընդարձակ տարածքին։
Ի պատասխան՝ Հաքաբին նշել է. «Հիանալի կլիներ, եթե նրանք վերցնեին այդ ամենը։ Բայց ես չեմ կարծում, թե մենք այսօր դրա մասին ենք խոսում»:
Դեսպանը նաև ասել է, որ Իսրայելը չի ձգտում վերցնել այդ բոլոր տարածքները և որևէ մեկին չի խնդրում վերցնել դրանք։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ներկայումս լեգիտի՞մ են Սուրբ Գրքի վրա հիմնված հավակնությունները, դիվանագետը պատասխանել է, որ«վստահ չէ, թե դա այդպես է»։


