Վրաստանն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Գեորգի Զաքարաշվիլին նշանակվել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, հայտնում է «Грузия Online»-ը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Զաքարաշվիլին դիվանագիտական աշխատանքի բազմամյա փորձ ունի։ 2021 թվականից նա զբաղեցնում էր Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը և միաժամանակ ներկայացնում էր երկիրը Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությունում։
2016-2019 թվականներին Զաքարաշվիլին եղել է Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանության Վրաստանի շահերի բաժնի արտակարգ և լիազոր դեսպանորդ։
Դրանից առաջ՝ 2012-2016 թվականներին, նա աշխատել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանության և կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցչության արտակարգ և լիազոր դեսպանորդ։
Վրաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում Զաքարաշվիլին զբաղեցրել է Քաղաքական դեպարտամենտի տնօրենի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների վարչության պետի պաշտոնները։
Նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։


