Ուկրաինան 30-ից ավելի Gripen կործանիչ կստանա Շվեդիայից
Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 16 Gripen C/D կործանիչ՝ որպես ռազմական օգնություն և 16 Gripen E կործանիչ՝ պայմանագրի շրջանակնրում: Այս տեղեկությունը հաստատել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում:
«Ներկայում Ուկրաինան գնել է վերջին սերնդի Gripen E կործանիչներ: Մենք պայմանագիր ենք ստորագրել 16 կործանիչի համար: Միևնույն ժամանակ մենք փոխանցում ենք նույն քանակությամբ արդեն առկա կործանիչներ, այնպես որ, ընդհանուր առմամբ, մենք կմատակարարենք 32 ինքնաթիռ, թեև տարբեր ժամանակներում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Քրիստերսոնի խոսքով՝ Ուկրաինային օգնության շարունակումը Շվեդիայի «գլխավոր առաջնահերթությունն» է:
«Նրանք կարող են շարունակել պայքարը մեր օգնության շնորհիվ, և դա պետք է շարունակել: Հենց այժմ մի շարք երկրներ շարունակում են օգնության մատակարարումը, անհրաժեշտ է, որ մյուս երկրները մեծացնեն աջակցությունը», - հավելել է նա:
Ինչպես մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանել է Շվեդիայի Saab ընկերությունը, հունիսի 30-ին ընկերությունը պայմանագիր է ստորագրել Շվեդիայի պաշտպանական տեխնիկայի վարչության (FMV) հետ՝ Ուկրաինայի համար Gripen E տասնվեց կործանիչի մատակարարման համար: Պատվերի արժեքը կազմում է մոտավորապես 24,6 միլիարդ կրոն (2,54 միլիարդ դոլար)։ Պատվերը կձևակերպվի 2026 թ․ երրորդ եռամսյակում: Gripen E-ի մատակարարումները նախատեսված են 2029-2030 թվականներին: Իսկ Gripen C/D կործանիչները Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 2027 թվականի սկզբին:



