ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի և Եգիպտոսի միջև բարեկամության խումբ է ստեղծվել 8 տարվա դադարից հետո

Թուրքիայի և Եգիպտոսի միջև բարեկամության խումբ է ստեղծվել 8 տարվա դադարից հետո

Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Այս մասին հայտնում   Ermenihaber.am-ը:

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) ընդունվել է Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ միջնորդությունը: 
 
Նշվում է, որ Եգիպտոսի հետ բարեկամական խումբ ձևավորելու համար առաջարկը մեջլիս էր ներկայացվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կողմից: 
 
Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին: 2013թ. ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: 
 
2021թ. մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում նշել էր Եգիպտոսի հետ տարբեր խողովակներով բանակցություններ վարելու մասին:  Իսկ ապրիլի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և եգիպտացի իր գործընկերոջ Սամիհ Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ:
 
Օրեր անց Չավուշօղլուն անդրադառնալով երկկողմ  հարաբերությունների թեմային ասել էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի  իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ, որի ընթացքում կքննարկեն արտակարգ և լիազոր դեսպանների նշանակումը և երկկողմ մի շարք հարցեր:
 

  • Կիսվել: