ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սլովակիայի սահմանադրական հանրաքվեն անվավեր է ճանաչվել

Սլովակիայի սահմանադրական հանրաքվեն անվավեր է ճանաչվել

Սլովակիայում անցկացված սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն անվավեր է ճանաչվել ցածր մասնակցության պատճառով։ Այս մասին հունվարի 21-ին հայտնել է տեղական TAZ հեռուստաալիքը՝ հղում անելով պետական ​​վիճակագրական վարչությանը։

Նշվում է, որ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որը ենթադրում է խորհրդարանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը, անցկացվել է նախօրեին՝ հունվարի 21-ին։ Նախնական հաշվարկներով՝ դրան մասնակցել է քաղաքացիների մոտ 27,26 տոկոսը։

«Հանրաքվեի արդյունքները վավեր ճանաչվելու համար անհրաժեշտ է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելիի, այսինքն՝ հանրապետության 2,2 միլիոն բնակիչների մասնակցությունը։ Այսպիսով, այս հանրաքվեի արդյունքները կհամարվեն անվավեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անկախ Սլովակիայի պատմության մեջ սա իններորդ հանրաքվեն է։ Ընդ որում, դրանցից միայն մեկն է ճանաչվել վավեր՝ 2003 թվականին Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։

Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ընդունել է վարչապետ Էդուարդո Հեգերի գլխավորած կառավարության հրաժարականը։ Հաղորդվում է, որ Հեգերը պաշտոնավարում է մինչև նոր արտահերթ ընտրությունների անցկացում։

Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Սլովակիայի ազգային խորհրդի պատգամավորներն անվստահություն են հայտնել Հեգերի կառավարությանը։

Արդյունքում՝ քվեարկության ժամանակ այս որոշումը պաշտպանել են խորհրդարանը կազմող 150 պատգամավորներից 78-ը։

  • Կիսվել: