ԵՄ-ն նույնիսկ սեփական շահերի հաշվին պատրաստ է աջակցել Ուկրաինային. Սլովակիայի վարչապետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դժգոհություն է հայտնել, որ Եվրամիությունը եվրոպացիներին հուզող խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն պատրաստ է աջակցել Ուկրաինայում ընթացող հակամարտությանը՝ մինչև վերջին ուկրաինացի զինվորը և վերջին եվրոն, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
Նշվում է, որ Ֆիցոն հայտնել է, որ ուրբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտաի հետ քննարկել է Եվրոպական խորհրդի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
«Ես կրկին հիասթափություն հայտնեցի այն առնչությամբ, որ գագաթնաժողովի եզրակացությունները չափազանց ընդհանուր բնույթ ունեն, որ մենք չենք կարող առաջընթաց գրանցել Եվրամիության մրցունակության անկման և էներգիայի չափազանց բարձր գների հարցերում, մինչդեռ Ուկրաինայի հարցում ամեն ինչ հստակ է․ պատերազմը պետք է շարունակվի մինչև վերջին ուկրաինացի զինվորը և մինչև վերջին եվրոն»,- ասել է նա։
Սլովակիայի վարչապետը նաև հաստատել է, որ առաջիկա Եվրամիության գագաթնաժողովում մտադիր է բարձրացնել այն փոխհատուցումների հարցը, որոնք, ըստ նրա, պետք է տրամադրվեն Սլովակիային՝ նախորդ կառավարության կողմից Ուկրաինային փոխանցված սպառազինության համար։



