ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանն ու Իրանը գործարկել են SWIFT-ի նման բանկային համակարգ՝ պաշտպանված արևմտյան պատժամիջոցներից

Ռուսաստանն ու Իրանը գործարկել են SWIFT-ի նման բանկային համակարգ՝ պաշտպանված արևմտյան պատժամիջոցներից

Իրանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանը և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ միացնելու իրենց բանկային հաղորդագրությունների համակարգերը, որոնց միջոցով կհեշտացվեն ֆինանսական և բանկային փոխանակումները, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Այսօր ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի միջև փոխկապակցման և ֆինանսական մեսենջերների մասին փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է նաև 13 այլ երկրի, որոնք ներկա են ռուսական շուկայում: Դա կհեշտացնի ֆինանսական և բանկային փոխանակումները: Այսուհետ բոլոր իրանական և բոլոր ռուսական բանկերի ֆինանսական մեսենջերները կապված են միմյանց հետ», - ասել է Իրանի ԿԲ-ի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ  Մոհսեն Քարիմին Թեհրանում Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:

«Համաձայն այս հուշագրի՝ իրանական և ռուսական բոլոր բանկերը կարող են ստանալ ստանդարտ բանկային հաղորդագրություններ», - հավելել է Քարիմին՝ ընդգծելով, որ հաղորդագրությունների համակարգը պաշտպանված է պատժամիջոցներից, քանի որ այն հիմնված է երկու երկրների ներքին ենթակառուցվածքի վրա:

Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչն իր հերթին ասել է. «Այս հուշագրի ամենամեծ առավելությունն այն է, որ ստորագրումից հետո արևմտյան պատժամիջոցները չեն կարող ազդել դրա վրա, և մեր ֆինանսական կառույցներն ավելի լայնորեն են կապվելու Իրանում գործող ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների հետ»:

  • Կիսվել: