ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական ԶՈւ-ն հարձակվել է Սևերոդոնեցկի վրա. կան զոհեր և ավերածություններ

Ռուսական ԶՈւ-ն հարձակվել է Սևերոդոնեցկի վրա. կան զոհեր և ավերածություններ

Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկը վերջին մեկ օրվա ընթացքում ենթարկվել է երեք զանգվածային հարձակումների, կան զոհեր։ Այս մասին հայտնել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը, փոխանցում է Укринформ-ը:

«Ռուսական բանակը շարունակում է կրակել մեր քաղաքների բնակելի թաղամասերի վրա, միայն Սևերոդոնեցկը 24 ժամվա ընթացքում երեք զանգվածային գնդակոծության է ենթարկվել: Լուգանսկի շրջանում օրվա ընթացքում վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է 63 տուն։

Սևերոդոնեցկում ռուսական բանակը կրակ է բացել քաղաքի բնակելի շենքերի ու շինությունների, մասնավորապես՝ մանկապարտեզի, խանութի, բենզալցակայանի վրա։ Փողոցներում հայտնաբերվել են յոթ մահացածների, այդ թվում՝ մեկ կնոջ դի։ Տասը մարդ վիրավորվել է»,- նշել է Սերխի Գայդայը։

Նշվում է, որ բացի Սևերոդոնեցկից, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Լիսիչանսկը, Ռուբիժնե, Պոպասնայա, Կրեմեննայա և Մետելկինոն։

Ռուբիժնեում հայտնաբերվել է հրետակոծության հետևանքով մահացած երկու մարդու դի:

Գնդակոծվել են նաև Լիսիխանսկի թիվ 4 դպրոցը, Ռուբիժնոյեում և Կրեմեննայում գտնվող տները։

Մետելկինոյում նույնպես վնասվել է բնակելի շենք։

Նշվում է, որ Լուգանսկի շրջանում ռուսական կողմի գնդակոծության հետևանքով 24 բնակավայր մնացել է առանց գազի, 36-ը՝ առանց էներգամատակարարման։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: