հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռոհանին ու Զելենսկի քննարկել են ինքնաթիռի վթարի հանգամանքները

Ռոհանին ու Զելենսկի քննարկել են ինքնաթիռի վթարի հանգամանքները

Իրանի և Ուկրաինայի նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ուկրաինական ինքնաթիռի աղետալի կործանման հանգամանքները, տեղեկացնում է ria.ru-ն:

Իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերության հաղորդագրության մեջ ասված է. «Իրանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են ուկրաինական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել Թեհրանի մերձակայքում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը խոստովանել է, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մասնավորապես, նշել էր. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»:

Նա նաև նշել էր. «Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել:

  • Կիսվել: