ՌԴ-ն չի մասնակցի Եվրատեսիլ-2022-ին, զրկվել է Ֆորմուլա-1-ից եւ շախմատի Օլիմպիադայից, իսկ ՄՕԿ-ը հորդորել է չեղարկել մրցումները Ռուսաստանում եւ Բելառուսում
Միջազգային տարբեր կազմակերպություններ շարունակում են Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով սահմանափակումներ ու պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:
Այսպես՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Գործադիր կոմիտեն մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին հորդորել է չեղարկել կամ տեղափոխել այլ երկրներ Ռուսաստանում եւ Բելառուսում նախատեսված միջազգային մրցումները, միջազգային մրցումների ժամանակ էլ արգելել Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշներն ու հիմները, հաղորդում է կազմակերպության կայքը։
«ՄՕԿ-ի Գործկոմը դատապարտում է Ռուսաստանի կառավարության եւ նրան աջակցած Բելառուսի կառավարության կողմից օլիմպիական զինադադարի խախտումը։
2021թ. դեկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի անդամ 193 երկիր միաձայն ընդունեց օլիմպիական զինադադարի մասին բանաձեւը, որի համաձայն օլիմպիական զինադադարը սկսվում է Օլիմպիական խաղերի մեկնարկից 7 օր առաջ եւ ավարտվում է Պարալիմպիկ խաղերի ավարտից 7 օր հետո։
Միջազգային մարզական ֆեդերացիաները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի եւ Բելառուսի կատավարությունների կողմից օլիմպիական զինադադարի խախտումը եւ բացարձակ ուշադրություն դարձնեն մարզիկների անվտանգությանը։
ՄՕԿ-ը որեւէ միջոցառում չի նախատեսում Ռուսաստանում եւ Բելառուսում»,- նշվում է ՄՕԿ-ի հայտարարության մեջ:
Իր հերթին ՈւԵՖԱ-ն հայտարարել է ռուսական ակումբային եւ հավաքական թիմերի մասնակցությամբ տնային հանդիպումները չեզոք խաղադաշտերում անցկացնելու մասին։
Բացի այդ՝ Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառով զրկվել է Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության Ռուսաստանի Մեծ մրցանակից եւ շախմատի Օլիմպիադայից։
Ֆորմուլա-1-ի հայտարարությունում նշվում է, որ «բաժնետերերի եւ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ քննարկել են ստեղծ իրավիճակը եւ ընթացիկ հանգամանքներում անհնար համարել Ռուսաստանում Մեծ մրցանակի անցկացումը»։
Շախմատի միջազգահին ֆեդերացիայի Խորհուրդը շախմատային աշխարհի ներկայացուցիչների եւ ազգային ֆեդերացիաների պահանջով որոշել է չեղարկել Օլիմպիադայի անցկացումը Մոսկվայում։ Այն նախատեսված էր հուլիս-օգոստոսին։
Ռուսաստանը չի կարողանա մասնակցել 2022 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հայտնել են վկայակոչելով երաժշտական մրցույթի կազմակերպիչներին:
Ավելի վաղ ֆիննական Yle հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ դեռեւս չընտրված մասնակցին չի ուղարկի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին 2022 թվականին, եթե դրան մասնակցի Ռուսաստանի ներկայացուցիչը:
«Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 14-ին իտալական Թուրինում: