Քննարկվել է վրացական ընկերությունների մասնակցությունը Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը
Վրաստանը հանդիսանում է Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, և ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41 տոկոսով: Այս մասին ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանցի նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր, նոր նախագծեր, ինչպես նաև վրացական ընկերությունների մասնակցությունը Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: