շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել․ ԱՄՆ պետքարտուղարություն

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը հեղինակավոր վարկանիշներ է ստացել միջազգային ինդեքսներում, որոնք գնահատում են երկրի գործարար միջավայրը և ներդրումային միջավայրը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության Ներդրումային միջավայրի 2021թ․ գնահատման զեկույցում։

Ըստ զեկույցի՝ ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել։

"Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողների համար, եւ երկրի իրավական բազան եւ պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը, սակայն ներդրումային միջավայրը զուրկ չէ խնդիրներից: Խոչընդոտները ներառում են Հայաստանի շուկայի փոքր չափը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով հարաբերական աշխարհագրական մեկուսացումը, օրենքի գերակայության եւ դատական համակարգի թույլ տեղերը, ինչպես նաեւ կոռուպցիայի ժառանգությունը։ 2020 թվականին COVID-19-ը եւ ինտենսիվ մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ազդել են Հայաստանի տնտեսական աճի եւ ներդրումային պրոֆիլի վրա։

Հայաստանը քիչ սահմանափակումներ է դնում օտարերկրյա վերահսկողության եւ մասնավոր սեփականության իրավունքի ու ստեղծման վրա։ Օտարերկրյա քաղաքացիների ՝ Հայաստանում գործարար շահեր ձեռք բերելու, ստեղծելու կամ տնօրինելու իրավունքի որեւէ սահմանափակում չկա։ Բիզնեսի գրանցման ընթացակարգերը պարզ են։

Հայաստանը չի սահմանափակում դրամի փոխարկումն ու փոխանցումը կամ կապիտալի ու եկամուտների հայրենադարձումը ։ Հայաստանում բանկային համակարգը կայուն է եւ լավ կարգավորվում է, սակայն ներդրողները նշում են, որ ֆինանսական հատվածը բավարար զարգացած չէ։

Չնայած որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն, ներդրողները պնդում են, որ պահպանվում են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել թափանցիկ, արդար եւ կանխատեսելի գործարար միջավայրի ապահովման համար: Մի շարք ներդրողներ մտահոգություն են հայտնել մասնավոր հատվածի եւ կառավարության միջեւ երկխոսության որակի վերաբերյալ",- ասված է զեկույցում:

 

  • Կիսվել: