Իրանի ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպումներ է ունեցել Չինաստանի և Ռուսաստանի դեսպանների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալն առանձին հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Կոնգ Պեյվուի և Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ։
«Հաշվի առնելով ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ առանձին հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք այս երկու կարևոր երկրների խմբերի շրջանակներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը», – ասել է Ղարիբաբադին։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը նաև նշել է, որ հանդիպումներում քննարկվել են նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև Հռոմում անուղղակի բանակցությունների վերջին փուլի հետ կապված ամենաթարմ զարգացումները։