ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Իրանը չի բացառում միջուկային օբյեկտներ ԱՄՆ տեսուչների մուտք գործելու հնարավորությունը

Իրանը չի բացառում միջուկային օբյեկտներ ԱՄՆ տեսուչների մուտք գործելու հնարավորությունը

Եթե Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության գան իրանական միջուկային ծրագրի շուրջ, Իրանը կարող է քննարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամերիկացի տեսուչների՝ երկրի միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորությունը, չորեքշաբթի հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Սովորաբար թշնամական երկրների տեսուչներին դա թույլ չի տրվում, բայց եթե միջուկային համաձայնագիր կնքենք, ապա կարող ենք թույլ տալ ԱԷՄԳ-ի համար աշխատող ամերիկացի տեսուչներին այցելել մեր միջուկային օբյեկտներ»,-  ըստ իրանական լրատվամիջոցների՝ ասել է Էսլամին։

Նա կրկնել է, որ Իրանը միջուկային էներգիան օգտագործում է բացառապես խաղաղ նպատակներով, և ԱԷՄԳ-ն հետևում է երկրի գործունեությանը։ Մոհամմադ Էսլամին նշել է, որ Իրանի դիրքորոշումն ուրանի հետագա հարստացման վերաբերյալ «բացարձակապես օրինական է և հիմնված երկրի իրավունքների վրա»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային հարցի շուրջ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ։ Նա ասել է, որ ցանկանում է գործարք կնքել, որը թույլ կտա խուսափել Իրանին ռազմական հարված հասցնելուց:

  • Կիսվել: