շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նախկին զինվորականները դիմել են ԱՄՆ նախագահին՝ խնդրելով փրկել Սաակաշվիլիին

Նախկին զինվորականները դիմել են ԱՄՆ նախագահին՝ խնդրելով փրկել Սաակաշվիլիին

Ամերիկա արտագաղթած նախկին ռազմական վետերանները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար, գրում է aliq.ge-ն:

Նրանք նամակում նշել են, որ նախագահ Սաակաշվիլին ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով Վրաստանի նախագահի լիազորությունները փոխանցել է իր իրավահաջորդին: Այնուամենայնիվ, Վրաստանի նոր կառավարությունը միավորվեց Ռուսաստանի հետ և սկսեց արշավ՝ քաղաքականացնելու հիմնական պետական ​​կառույցները, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը:

«Շատերին կանչեցին հարցաքննության և ստիպեցին ցուցմունք տալ, որ Սաակաշվիլին չհրահրված հարձակում է գործել Ռուսաստանի վրա: Մեզանից շատերը չկարողացան ծառայությունը շարունակել՝ ներկայիս կառավարության հռետորաբանության պատճառով:

Միխեիլ Սաակաշվիլին միակ քաղաքական առաջնորդն է, որ 2008 թվականին կանխատեսել էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Քանի որ Ուկրաինայի հաղթանակը կնշանակի արևմտյան արժեքների և ժողովրդավարության հաղթանակն աշխարհում բռնապետության և ահաբեկչության նկատմամբ, Սաակաշվիլիի մահը աղետ ու հուսահատություն կբերի նրանց, ովքեր հավատում են ԱՄՆ-ի և ԵՄ ինստիտուտներին… Ե՛վ վրացական, և՛ ռուսական հեռուստաընկերությունները բացահայտորեն ծաղրել են երրորդ նախագահին՝ օգտագործելով կեղծ մեղադրանքներ և տեսագրություններ։ Այս զազրելի գործողություններն իրականացրել է մի կառավարություն, որը փորձում էր վարկաբեկել Սաակաշվիլիին՝ Պուտինի բարեհաճությունը շահելու համար»,- նշված է նամակում։

Նամակում նաև նշել են, որ Սաակաշվիլին գտնվում է սարսափելի վիճակում և բժշկական օգնություն չի ստանում, ինչը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը.

«Վրաստանի կառավարությունն անտեսում է նրան անհապաղ ազատ արձակելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու եվրոպական հանրության կոչերը։ Խնդրում ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել երրորդ նախագահի հոգեկան ու ֆիզիկական վիճակի վատթարացման վրա և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար»:

Նրանք նշել են, որ վիրավորված են նախկին գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքից։

  • Կիսվել: