Մոսկվան ու Կիևը գերիների փոխանակում են իրականացրել
Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման շրջանակում Ուկրաինայից վերադարձել է ռուս զինծառայողների երկրորդ խումբը, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Meduza-ն։
«Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ։ Ներկայում ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հունիսի 10-ին տեղի է ունեցել «ռուսական գերությունից վիրավոր զինվորների վերադարձի առաջին փուլը»։
«Մենք շարունակում ենք մեր մարդկանց վերադարձը, որի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց Ստամբուլում։ Այսօր մեր ծանր վիրավոր և վիրավոր զինվորների՝ ռուսական գերությունից վերադարձի առաջին փուլն է։ Նրանց բոլորին անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնություն։ Սա կարևոր մարդասիրական ակտ է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ փոխանակման շուրջ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության էին եկել Ստամբուլում հունիսի 2-ին բանակցություններին։