Մոդին աջակցում է Ուկրաինայի կոչին՝ Ռուսաստանի հետ պատերազմում հրադադար հաստատելու վերաբերյալ. Զելենսկի
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Ուկրաինայում խաղաղ կարգավորմանն իր աջակցությունը, հայտնում է Մոդիի գրասենյակը, տեղեկացնում է Reuters-ը։
Իր հերթին Զելենսկին այսօր իր երեկոյան տեսաուղերձում ասել է, որ Մոդին աջակցում է Ուկրաինայի կոչին՝ Ռուսաստանի հետ պատերազմում հրադադար հաստատելու վերաբերյալ և հույս ունի, որ այս տեսակետը կլսվի Չինաստանում կայանալիք՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
«Ես հենց նոր խոսեցի Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ այն մասին, թե ինչ է կատարվում։ Ռուսաստանը շարունակում է պատերազմը, շարունակում է սպանել: Կարևոր է, որ Հնդկաստանի վարչապետն աջակցի հրադադարի անհրաժեշտության գաղափարին, և սա կլինի հստակ ազդանշան, որ Ռուսաստանը պատրաստ է դիվանագիտության։ Մենք ակնկալում ենք, որ սա կլսվի Չինաստանում կայանալիք հանդիպման ժամանակ»,-ասել է Զելենսկին:
Մոդիի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Զելենսկին կիսում է Հնդկաստանի վարչապետի տեսակետներն Ուկրաինայում վերջին զարգացումների վերաբերյալ, մինչդեռ Մոդին ընդգծել է Հնդկաստանի աջակցությունը խաղաղությունը հնարավորինս շուտ վերականգնելու ջանքերին։
«Առաջնորդները նաև քննարկել են Հնդկաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ գործընկերության առաջընթացը և քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է, որ Մոդին կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը կբացվի կիրակի օրը Չինաստանի Տյանցզին քաղաքում։



