ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լայնամասշտաբ ռազմական գործողություններ կանխատեսել ՌԴ-ի և Թուրքիայի զինված ուժերի միջև Սիրիայի տարածքում դեռևս վաղ է. Արաբագետ

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ կանխատեսել ՌԴ-ի և Թուրքիայի զինված ուժերի միջև Սիրիայի տարածքում դեռևս վաղ է. Արաբագետ

Ռուս-թուրքական ռազմական վերջին գործողությունները Սիրիայում ցույց են տվել, որ 2018-ին Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով կնքված համաձայնագիրը չի պահպանվում։ Այս մասին  InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ ներկայացնելով սիրիական տարածաշրջանում վերջին զագացումները։ 

 «Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ չեն համապատասխանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերն ու մոտեցումները այդ տարաշրջանում, որը հավելյալ բարդացնում է իրավիճակը։ Սա է պատճառը, որ պարբերաբար տեղի են ունենում սրացումներ, իսկ իրավիճակը չի կարգավորովւմ, քանի որ թուրք-ռուսական երկխոսությունը արդյունավետ չէ. պատվիրակությունների երկու այցեր են եղել, բայց բանակցությունները արդյունք չեն տվել, և փաստացի Իդլիբում իրավիճակը շարունակում է չլուծված մնալ», - ներկայացրեց արաբագետը։

Հարցին, թե ինչպես կարող է իրավիճակը զարգանալ, եթե կողմերը հաշտության եզրեր չեն գտնում, Պետրոսյանը դժվարացավ կանխատեսումներ անել, բայց ընդգծեց, որ ըհնարավոր ռազմական լայնածավալ գործողությունները վտանգավոր հետևանքներ կունենան։ «Չի բացառվում՝ լայնամասշտաբ թուրք-սիրիական ռազմական բախումներ լինեն», - նշեց նա, միևնույն ժամանակ հավելելով, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև լայնամասշտաբ ռազմական բախում չի կարծում, թե կլինի։ Փոխարենը կարող են լոկալ բախումները շարունակվել։

«Օրինակ, թուրքական ԶՈւ շարքերում գրանցված որոշ մարտական կորուստներ կարելի է վերագրել ռուսական օդուժի կողմից իրականացրած գործողություններին։ Բայց կողմերն այդ մասին չեն խոսում», - նշեց նա։

Ինչ վերաբերում է Սիրիայում թուրք-ռուսական հնարավոր հակամարտության ազդեցությանը ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների վրա, արաբագետը նկատեց, որ այդ երկրների միջև հարաբերությունների ջերմացումն ու սրումը ամեն դեպքում կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի գործընթացների վրա։

«Թուրքիայի արտգործնախարարը բազմիցս է նշել, որ ռուս-թուրքական հաջող համագործակցությունը Սիրիայում կարող է արդյունավետ, դրական ազդել այլ հակամարտությունների վրա՝ ակնարկելով արցախյան հիմնախնդիրը։ Այս պարագայում եթե մենք Սիրիայում ականատես լինենք ռուս-թուրքական հարաբերությունների սրման և նախկին համագործակցության բացառման, ապա բնական է, որ այլ տարածաշրջաններում այս երկրների միջև չի կարելի ակնկալել հաշտ համագործակցություն», - նշեց նա։

Արաբագետը նաև հավելեց , որ Սիրիայի Իդլիբ նահանգը շատ կարևոր շրջան է Թուրքիայի համար, և այդ երկիրը փորձում է ամեն գնով մնալ այնտեղ, աջակցել տարբեր խմբավորումներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: