երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Կիևն ու Մոսկվան հայտնել են փոխադարձ հարվածների ու զոհերի մասին

Կիևն ու Մոսկվան հայտնել են փոխադարձ հարվածների ու զոհերի մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների, զոհերի ու վիրավորների մասին:

Մասնավորապես՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է գիշերն ուկրաինական ավելի քան 340 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է 81 ԱԹՍ: Պիոներսկի բնակավայրում անօդաչուի ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում և Մոժայսկում հարվածների տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր, 2 մարդ վիրավորվել է: Եվս 1 զոհ և 2 վիրավոր կա Բելգորոդի մարզում:

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել է, որ, ըստ Ուկրաինայի զինված ուժերի, Ստավրոպոլի երկրամասում թիրախավորվել է նավթաբազա, իսկ Ազովի ծովում՝ ևս 15 ռուսական նավ:

Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 3 կառավարվող ավիացիոն հրթիռ և 134 ԱԹՍ: Խերսոնում 2 մարդ է զոհվել, ևս 2 զոհ կա Զապորոժիեում: Օդեսայում կա 2 վիրավոր: Նաև Օդեսայի նավահանգստում ռուսական հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Տոգոյի դրոշով նավարկող բեռնանավում: Անձնակազմի 3 անդամ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ռուսական ուժերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտներ: Նա շեշտել է, որ երկրին անհրաժեշտ է ավելի շատ օդային պաշտպանություն, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է դադարեցնել պատերազմը:

Բացի այդ՝ Զելենսկին նաև ընդգծել է Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումն ավելացնելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: