հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իտալիայի հայ համայնքը քայլեր է ձեռնարկում Արցախի անկախության ճանաչման համար

Իտալիայի հայ համայնքը քայլեր է ձեռնարկում Արցախի անկախության ճանաչման համար

Իտալիայի Կալաբրիա համայնքը միացել է եվրոպական խոշոր քաղաքներում վերջին օրերին իրականացվող։

hetq.am-ի հաղորդմամբ՝ Իտալիայում ապրող հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչները Վենետիկ, Վերոնա, Հռոմ և այլ քաղաքներում տեղի իշխանություններից պահանջում են միջամտել եւ վերջ դնել թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղղված է Արցախի դեմ:

 
Կալաբրիայի հայ համայնքի ղեկավար, «Իտալիայի հայ տաղանդների միության» ներկայացուցիչ Թեհմինե Արշակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Իտալիայի հայ համայնքն, ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների համայնքների, փոքր է: Բացի այդ, համայնքներն իրարից հեռու են և դժվարությամբ են կարողանում մեկ տեղում համախմբվել: Այս օրերին փորձում են ստեղծել «եղբայրական կամուրջ» այլ համայնքների միջև, որպեսզի կարողանան ավելի ներկայանալի զանգվածային միջոցառումներ իրականացնել:
 
Սոցիալական ցանցերում ուղիղ եթերներով, նամակագրությունով կամ այլ եղանակներով փորձում են տեղեկություններ փոխանակել՝ ընդհանուր պահանջով հանդես գալու համար:
 
Ըստ Թեհմինե Արշակյանի՝ Ռեջիո Կալաբրիայում ապրում է 30 հայ: Հայ համայնքը ստեղծվել է 2015թ-ին: Չնայած փոքր թվին, կարողանում են համագործակցել տեղի քաղաքական ուժերի հետ: Արշակյանն ասում է, որ Կալաբրիայում հայերին լավ են ճանաչում, քանի որ վաղուց են այնտեղ բնակություն հաստատել: Այդ մասին կան բազմաթիվ ապացույցներ, հնավայրեր և այլն:
Նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երբ Կալաբրիայի հայերը դիմել են ոստիկանություն, համայնքային իշխանություններին, մերժում չեն ստացել խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու հարցում: Ավելին, ակցիայի ողջ ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները եղել են տեղում, որպեսզի միջադեպեր չգրանցվեն:
 
Թեհիմե Արշակյանի խոսքով՝ հիմնականում համագործակցում են երկու քաղաքական ուժի հետ: «Լեգա» կուսակցությունն իր առաջնորդ, նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինիի գլխավորությամբ հայ համայնքի աջակիցներից է: «Ֆորցա Իտալիա» կուսակցության պատգամավորները ևս աջակցում են հայ համայնքին:
 
«Այդ երկու կուսակցություններն, իմանալով Հայաստանի պատմությունը, հասկանում են, թե ում կարելի է աջակցել և ինչի համար: Մի քանի օր առաջ Հռոմի հրապարակներից մեկում այդ կուսակցությունների ներկայացուցիչները հայ համայնքի հետ խաղաղ ցույց էին անում: Նրանց միջոցով փորձում ենք մեզ հուզող հարցերը բարձրացնել և առաջ տանել»,-ասում է Թեհիմնե Արշակյանը՝ հավելելով, որ պահանջներից առաջինը պատերազմը դադարեցնելն է, որից հետո՝ բանակցություններն ու Արցախի Հանրապետության ճանաչումը:
Իտալիայի հայ համայնքին համախմբելու հարցում ակտիվ է «Իտալիայի հայ տաղանդների միությունը», որի նախագահ Վալենտինա Կարախանյանի նախաձեռնությամբ նամակ է ուղարկվել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Վերջինս իր մտահոգությունն է արտահայտել պատերազմական իրավիճակի վերաբերյալ: Բացի այդ, միության նախաձեռնությամբ Արցախի հանրապետությունը ճանաչելու պահանջով գրություն է պատրաստվել և հայ համայնքի միջոցով փոխանցվել տեղի իշխանություններին: 
 
Թեհիմնե Արշակյանն ասում է, որ այդ նախաձեռնությունների արդյունքում էր նաև, որ Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը և դատապարտեց թուրք-ադրբեջանական ագրեսիան: Քաղաքային խորհուրդն իր միջնորդությամբ հանձնարարել է Միլանի քաղաքապետին՝ դիմել Իտալիայի ազգային իշխանություններին՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով:
Թ. Արշակյանը նշում է, որ Իտալիայի հայ համայնքը պայքարելու է մինչև վերջ և դիրքերը չի զիջելու: 
 
«Մեր նպատակն է իտալացիներին, Իտալիայում ապրող մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվում այս օրերին Արցախում, քանի որ ապատեղեկատվությունը շատ է: Շատերը չգիտեն, թե իրականում ինչ է կատարվում: Հանդիպել եմ իտալացիների, ովքեր Ադրբեջանի  տեսակետն են ներկայացնում, քանի որ նման ձևով են տեղեկատվություն ստացել: Մենք էլ փորձում ենք մեր տեսակետը ներկայացնել: Չենք պնդում, որ մենք ենք ճիշտ կամ նրանք: Մենք ներկայացնում ենք իրականությունը, թող իտալացիները հասկանան, թե իրականում ով է ճիշտ»,-հավելում է Թեհիմնե Արշակյանը:
 
Կալաբրիայի հայ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց ակցիաներին փորձում են ներգրավել նաև օտերարկրացիների: Մասնավորապես, վերջին միջոցառումներից մեկի ժամանակ բողոքի ցույցին մասնակցել են տարբեր ազգությունների երիտասարդներ Վրաստանից, Մարոկկոյից, իտալացիներ Սիցիլիայից և այլ համայնքներից:
Լուսանկարները տրամադրել է Թեհիմնե Արշակյանը

  • Կիսվել: