Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող «նպատակակետին»
Դամասկոսի արվարձաններում ապրիլի 29-ի գիշերը սկսվել են մարտեր կառավարամետ ուժերի և դրուզների ուժերի միջև։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR)՝ հայտնելով, որ երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել, փոխանցում է Euronews-ը։
Նշվում է, որ Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին։ Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարության մեջ:
«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա (սիրիական) զորքերի տեղակայումը Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզ համայնքի համար»,-նշված է փաստաթղթում և Կացի մեկնաբանություններում։
Իսրայելը մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ հարվածներ է հասցրել Սիրիային։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, հարվածները ցույց են տալիս Իսրայելի խորն անվստահությունը ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած Սիրիայի ներկայիս իշխանությունների նկատմամբ։