Իրանը հրթիռի վրա փակցրել է Իսպանիայի՝ պատերազմին դեմ հանդես եկող վարչապետի լուսանկարը
Իրանն իր հրթիռներից մեկի վրա փակցրել է Իրանի դեմ պատերազմը չաջակցող՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի լուսանկարը, տղեկացնում է Tasnim-ը:
Հրթիռի վրա անգլերեն ու պարսկերեն գրված է. «Իհարկե, այս պատերազմը ոչ միայն անօրինական է, այլև անմարդկային։ Շնորհակալություն, պարո՛ն վարչապետ»:
Իրանական Tasnim-ը ևս մեկ լուսանկար է հրապարակել, որտեղ էլ հրթիռի վրա պատկերված է Իրանում աղջիկների դպրոցի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի լուսանկար՝ հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն, ովքեր Լոնդոնում կարեկցանք հայտնեցին Թրամփի ռազմական հանցագործությունների հետևանքների համար»։
Մեկ այլ լուսանկարում էլ հրթիռի վրա մակագրված է. «Հրթիռներ, որոնք շուտով կարձակվեն օկուպացված տարածքների վրա»։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Իսպանիան հրաժարվեց թույլ տալ Միացյալ Նահանգներին՝ օգտագործել երկրի տարածքում իր բազաները Իրանի դեմ հարվածների համար: Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց խզել առևտրային կապերն Իսպանիայի հետ:


