ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանն առաջիկայում պատժամիջոցներ կսահմանի ԵՄ–ի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ. ԱԳՆ

Իրանն առաջիկայում պատժամիջոցներ կսահմանի ԵՄ–ի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ. ԱԳՆ

Իրանական կողմն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ–ի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Եվրամիության և Բրիտանիայի գործողությունները ցույց են տալիս, որ նրանք անկարող են հասկանալ ժամանակակից Իրանի իրողությունները և սխալ պատկերացում ունեն մեր երկրի իշխանության մասին։ Իրանը շուտով կհրապարակի ԵՄ–ում և Անգլիայում ահաբեկչություն քարոզողների և մարդու իրավունքները խախտողների նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը», – ասել է Քանաանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ–ի Telegram–յան ալիքում։

Հիշեցնենք` երեկ ԵՄ–ն հրապարակեց Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը, որը վերաբերում է 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների։ Ըստ Եվրամիության` նրանք մասնակցում են երկրում բողոքի ակցիաների ճնշմանը:
Պատժամիջոցների ցանկում է ներառվել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Համիդ Սաջադիի անունը։ ԵՄ-ում համարում են, որ նա իբր ստիպել է իրանցի մարզիկներին կարծիք չհայտնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև նախկին և գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, ԶԼՄ-ների ղեկավարներ և ուժայիններ։ Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային բաժանմունքները (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ)։
Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը հավանության տվեց մի բանաձևի, որը հորդորում է ԵՄ–ի ղեկավարությանը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

  • Կիսվել: