Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Իսրայելն իր դեմ հունիսին մահափորձ էր ծրագրել
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության բաց փուլին նվիրված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի կողմից իր դեմ կազմակերպված մահափորձի մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում է parstoday.ir-ը:
Նրա խոսքով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել իր տան դիմացի տանը։
«Այն թաղամասում, որտեղ մենք ապրում ենք, դիմացի տանը ռումբ է տեղադրվել»,-նախարարի խոսքը մեջբերում է նրա պաշտոնական Telegram-ալիքը:
Արաղչին նաև պատմել է, որ Թուրքիա իր այցի ժամանակ, որտեղ ինքը մասնակցում էր Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նիստին (հունիսի 21-22), իրեն ուղեկցող պահպանությունը բազմիցս իսրայելական անօդաչու թռչող սարքեր է ֆիքսել: Ի պատասխան ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ, այդ թվում՝ անջատվել են բջջային հեռախոսները։


