հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իլհամ Ալիեւն ընդունել է Բրիս Ռոքֆեին

Իլհամ Ալիեւն ընդունել է Բրիս Ռոքֆեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության գծով դեսպան Բրիս Ռոքֆեին։ Ռոքֆեյը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն է, սակայն Բաքուն համառորեն անտեսում է այդ պաշտոնը, ըստ երեւույթին՝ միտումնավոր։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Բրիս Ռոքֆեյն ասել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, ինչպես նաեւ նախաձեռնություններին ԵՄ-Ադրբեջան կապերի տարբեր ոլորտներում՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր:

«Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հաջող զարգացումը, նշվել է երկրի ղեկավարի մասնակցությունն անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովին։

Հանդիպմանը քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված բանակցությունների, սահմանների սահմանազատման հարցեր։ Ընդգծելով, որ Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքներն ընդունվել են Հայաստանի կողմից՝ պետության ղեկավարը խոսել է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ադրբեջանական պատվիրակության պատրաստակամության մասին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին։ Նախագահ Իլհամ Ալիեւը հիշեցրել է անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը եւ տեսահանդիպումն այս տարվա փետրվարին։ Պետության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ շնորհավորանքներ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- փոխանցում է պարբերականը:

  • Կիսվել: