շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է Բուլղարիա

Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է Բուլղարիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի նախագահի այցի շրջանակներում տեղի կունենա Բուլղարիայի (Բուլգարտրանսգազ), Ռումինիայի (Տրանսգազ), Հունգարիայի (FGSZ), Սլովակիայի (Eustream) գազատրանսպորտային համակարգերի օպերատորների հետ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) համագործակցության զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: 

Փաստաթղթի ստորագրումը կապված է Բուլղարիայի կողմից առաջարկված եւ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Համերաշխության օղակ» (STRING) նախաձեռնության հետ, որի նպատակն է բարձրացնել ԵՄ, Կենտրոնական եւ Հարավարեւելյան Եվրոպա բնական գազի մատակարարումների անվտանգությունը:

Սպասվում է, որ հուշագիրը կստորագրեն Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը, Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովը, Ռումինիայի էներգետիկայի նախարար Վիրջիլ-Դանիել Պոպեսկուն, Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն եւ Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Քարել Հիրմանը: Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո Ալիեւն ու Ռադեւը Սոֆիայում կբացեն SOCAR-ի գրասենյակը: 

  • Կիսվել: