չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հույն-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացել է. Հունաստանի վարչապետ

Հույն-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացել է. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Աթենքում հյուրընկալել է Կիպրոսի նորանշանակ ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդիսին: Առաջնորդները հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, գրում է ermenihaber.am-ը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Միցոտակիսը, անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ Կիպրոսի հարցում քաղաքական որևիցե տեսակետ փոփոխության չի ենթարկվել:

Հունաստանի վարչապետը մասնավորապես ասել է. «Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հույն-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացել է, և այդ շրջանակներում բոլոր շփումները միայն նպաստում են դրան», - ապա հավելել. «Հուսով եմ, որ նման զարգացումը դրական ազդեցություն կունենա Կիպրոսի խնդրի համար»:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Հունաստանը Թուրքիա էր ուղարկել 22 հոգուց բաղկացած որոնողափրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն:

 

  • Կիսվել: