Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ հենց այսօր․ Ռուբինյան
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ ունենալ հենց այսօր։
Նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին։
«Ես կարծում եմ՝ ոչ մի խոչընդոտ չկա օր առաջ ունենալ Հայաստան-Թուրքիա բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք այդպիսի իրավիճակ ունենալ հենց այսօր, հենց վաղը։ Մնացածն արդեն Թուրքիայի դաշտում է»,- ընդգծել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ Մարգարա-Ալիջան սահմանային անցման երկու կողմերի անցակետերը վերականգնված են և պատրաստ են գործարկման։
Ռուբինյանը հայտնել է նաև, որ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի երկաթգծի՝ իր տարածքով անցնող հատվածի վերանորոգումը մինչև Հայաստանի սահման։
«Լավ լուրն այն է, որ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի, այսինքն՝ իրենց կողմից երկաթգծի վերանորոգումը մինչև մեր սահման, և առնվազն իմ վերջին ինֆորմացիայով նրանք ընթացքի մեջ էին»,- ասել է ԱԺ նախագահը։
Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, իսկ քննարկումներն ընթանում են արտաքին գործերի նախարարությունների մակարդակով։



