երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Հայաստանը չի ընդունում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը․ Ռուբինյան

Հայաստանը չի ընդունում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը․ Ռուբինյան

Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ընդունում խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր Սահմանադրության ընդունմամբ պայմանավորելու Ադրբեջանի մոտեցումը և պատրաստ է պայմանագիրը ստորագրել արդեն այսօր։ ԱԺ նախագահը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կապին։

«Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք համարում ենք, որ որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման, և հենց այսօր էլ պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը»,-ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը բխում է Հայաստանի ներքին օրակարգից։ Միաժամանակ նա չի բացառել, որ դրա ընդունումը կարող է արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ։

Ռուբինյանն անդրադարձել է նաև ընդդիմության հարցադրումներին՝ արդյոք Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը կստորագրի պայմանագիրը և նոր նախապայմաններ չի ներկայացնի։

ԱԺ նախագահի խոսքով՝ այդ հարցերն իշխանությունը տրամաբանական է համարել, և Նիկոլ Փաշինյանը հայտնել է դրանց շուրջ մտածելու ու ընդդիմությանն առաջարկ ներկայացնելու մտադրության մասին։

«Եթե հավելյալ երաշխիքներ են պետք, գուցե արժի գնալ այդ երաշխիքների հետևից՝ ձեր առաջ բերած օրակարգի հարցի շուրջ»,-նշել է Ռուբինյանը։

 

  • Կիսվել: